Վաղարշապատում դատավորի հայտնած ինքնաբացարկը ամենևին էլ հերոսություն որակել պետք չէ։
Դա ընդամենը՝ ցանկացած քիչ, թե շատ արժանապատիվ հայի կեցվածք էր և, այնուամենայնիվ, դատավարությունը ցույց տվեց, որ դեռևս Հայաստանի իրավապահ համակարգի պատասխանատու աշխատողներից կան մարդիկ, որոնց մեջ պահպանվում է խիղճն ու բարոյականությունը։
Որոնց համար օրենքը, որին կոչված են ծառայելու, վեր է ամեն ինչից։
Որոնք շատ լավ հասկանում են, որ անհեթեթ, շինծու ու անօրինական գործն այն էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու հայ հոգևորականության նկատմամբ, դատարանում քննության առնելը որքան մեծ պատասխանատվություն է։ Գիտեն և հասկանում են, որ այդ գործով դատաքնության հանձն առնելը մեծագույն անձնական ու ազգային խայտառակություն է, որ ամենաարդար, վերջնական ու խիստ դատավճռի կայացման իրավունքն ամենևին էլ իրենցը չէ, այլ Տեր Աստծունը, ժողովրդին ու պատմությանն է, որոնցից դեռ ոչ մեկին չի հաջողվել խուսափել։
Կարծում եմ՝ այս պարզ ճշմարտությունը շատ լավ կգիտակցեն նաև մեր երկրում արդարադատություն` այդքան կարևոր գործառույթ իրականացնող, հարգարժան դատավորները։
Նրանք, կարծում եմ, շատ լավ գիտեն այն հանրահայտ ճշմարտությունը, որ նաև իրենց կայացրած վճիռներից է կախված երկրում կայունությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը, սեփականության ու մարդու արժանապատվության, նրա սահմանադրանան իրավունքների պաշտպանվածությունն ու անձեռնամխելիությունը, երկրում գործարարության զարգացումը, ներդրումների խթանումն ու երկրի միջազգային վարկը, հեղինակությունը։
Հավանաբար գիտեն նաև, իսկ եթե չգիտեն ապա շատ կարևոր է իմանան, որ արդարամտությունը մարդկային առաքինություններից ամենաբարձրն է, որ պետությունների մասին դատում են այնպես, թե ինչպես են դատում այդ պետությունում դատավորները։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ